ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը: ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ընդլայնվում են ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, կրթական և տնտեսական հարաբերությունները: Արա Բաբլոյանը կարևորել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացման և զարգացման գործում և նշել է. «Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի օժանդակությունն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծման և կայացման գործում: Հայաստանում առաջին վերականգնողական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ-ի օժանդակությամբ՝ փոխելով հաշմանդամ երեխաների նկատմամբ մտածելակերպն ու վերաբերմունքը»:
Խոսելով բարեփոխումների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ի տարբերություն որոշ հարևան պետությունների՝ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի ապակենտրոնացման ճանապարհով: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը փաստել է. «Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ. հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Մարդն է բարձրագույն արժեքը, և մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը կարևոր են մեզ համար: Քաղաքակիրթ աշխարհում խաղաղությունն այլընտրանք չունի, հետևաբար ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»: Զրուցակիցներն անդրադարձել են Կալիֆոռնիայի հայկական համայնքի դերին Հայաստանի հետ հարաբերությունների և համագործակցության խորացման գործում: