Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Իտալիայի տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում` էներգետիկա, զբոսաշրջություն, կրթություն և գիտություն, սննդի արդյունաբերություն և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:
Նախագահն ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունների հիմքում համատեղ պատմությունն է՝ լի բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, որ չափազանց կարևոր է միջպետական կապերի ամրապնդման համար: Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ բարեկամ Իտալիայի հետ Հայաստանն ունի շոշափելի ձեռքբերումներ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, որ Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ հարաբերությունները խորացնել: «ՈՒրախալի է, որ վերջին երկու տարիներին մեր առևտրաշրջանառությունն էապես աճել է. 2017-ի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե 26 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը, իսկ արտահանումը Հայաստանից դեպի Իտալիա ավելացել է 21 տոկոսով: Սա խոսում է հենց այդ հարաբերություններում մեծ ներուժի մասին»,- նշել է նախագահը: Նա հույս է հայտնել, որ մի քանի շաբաթ հետո իտալացիները սկսելու են իրագործել երկկողմանի համատեղ պայմանագիրը՝ կապված նոր և արդյունավետ ջերմակայանի կառուցման աշխատանքների հետ, իսկ սա մեզ համար էական է: «Մենք զգալի աշխատանք պետք է տանենք Իտալիայում ներկայացնելու մեր հնարավորությունները, մեր արտադրատեսակները: ՈՒզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այդ ոլորտում թեթև արդյունաբերության հնարավորությունների վրա:
Եթե մենք հաշվի առնենք, որ Իտալիան եվրոպական երկրներում մեր երրորդ առևտրային գործընկերն է, և մեր ապրանքաշրջանառության ծավալում թեթև արդյունաբերությունը զբաղեցնում է շուրջ 90 տոկոսը, սա արդեն մեզ պետք է շատ լուրջ հույսերի և մտորումների առիթ տա, որովհետև մենք արտահանում ենք ապրանքներ, որոնք պահանջարկ ունեն և Իտալիայում, և Եվրոպայում: Չափազանց կարևոր է այս տեմպը պահելը: Մենք երկրի ներսում, անշուշտ, մեծ ուշադրություն ենք դարձնում այդ ոլորտին, և ես խորապես համոզված եմ, որ ընդհանրապես մեր թեթև արդյունաբերությունը պետք է թռիչքային զարգացում ունենա: Երեկ մենք տեղական ընկերություններից մեկում ականատեսը եղանք նոր արտադրատեսակների արտադրության սկզբին, համոզված ենք, որ մեկ տարում մենք միայն մեկ ընկերության ուղղությամբ ունենալու ենք 3,5-4 հազար նոր աշխատատեղ, ընդ որում՝ խորանալու ենք արտադրական գործընթացի մեջ, այն առումով, որ ոչ միայն ծավալներն ենք ավելացնելու, այլև ուշադրություն ենք դարձնելու տարբեր էտապներում նոր արտադրանք արտադրելուն: Այսինքն, մերոնք ոչ միայն պետք է հագուստ կարեն, այլև պետք է կտոր արտադրեն, պետք է թել արտադրեն, և այսպես հասնելու ենք մինչև սկզբնական փուլ: Իհարկե, մենք Հայաստանում չենք կարող բամբակ աճեցնել, բայց մնացած բոլոր պրոցեսներն ի վիճակի ենք իրականացնել և ունենք որոշակի ծրագրեր: Ես կարծում եմ, որ մենք պետք է իտալացի գործարարներին բացատրենք Հայաստանի հարաբերական, այլ երկրների հետ համեմատած, մրցակցային առավելությունները՝ նկատի ունեմ նաև ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Իտալացիները շատ հմուտ գործարարներ են, նրանք գիտեն իրենց ապրանքները լավ վաճառել, և այս առումով կարծում եմ, որ Հայաստանը կարող են տեսնել նաև հարթակ այդ 170- միլիոնանոց շուկայում իրենց դիրքերը պահելու»,- նշել է նա:
Նախագահը նաև կարևորել է զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը՝ նշելով, որ ճիշտ կազմակերպելու պարագայում, Հայաստանը կարող է շատ մեծ թռիչք ապահովել՝ ընդգծելով, որ արդեն այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 20 տոկոսով: