Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինին: Զրուցակիցները քննարկել են համագործակցության ներկա մակարդակին և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ուղղությունները և ներդրումային ծրագրերը: Կարեն Կարապետյանը կարևորել է արդյունավետ գործակցությունը շարունակելուն և ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը:
Վարչապետն անդրադարձել է կառավարության գերակա համարվող մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, խոսել Հայաստանի՝ որպես տարբեր երկրների շուկաներ իրար կապող հարթակի հնարավորությունների մասին և առաջարկել դիտարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները: