ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրերը սահմանափակելու 2015-ին ձեռք բերված համաձայնությունների շուրջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավասարակշռված որոշում կընդունի:
Ղազախստան այցի ընթացքում Լավրովն ասել է. «Մենք կարծում ենք` 2015-ին Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունների ծրագիրը միջազգային հանրության կարևոր ձեռքբերումներից մեկն է, որ իրական ներդրում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդմանը»: Նա նշել է, որ շատ կարևոր է ծրագիրն ամբողջ ծավալով պահպանելը և ընդգծել. «Իհարկե ԱՄՆ մասնակցությունը շատ, շատ նշանակալից գործոն կլինի»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Սպիտակ տանը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի գործում միջուկային պայմանագրի ոգուն համապատասխան: Հայտարարությունը հաջորդել է լրատվամիջոցների հաղորդումներին, թե Թրամփը մտադիր է վերանայել Իրանի հետ կնքված համաձայնագիրը։