ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականին, ասել է, որ հրաժարականի պատճառն այն է, որ նա համոզվեց՝ եվրոպական քաղաքական մտքի ներկայացուցիչների առաջ ինքը բացարձակ անընդունելի և կոռումպացված տեսակ է:
«Նա իր կոռուպցիոն բարքերն ու քաղաքականությունը ներմուծեց ԵԽԽՎ: Բայց շնորհիվ ԵԽԽՎ պատվիրակների վճռական գնահատականի՝ նա հրաժարական տվեց: Ագրամունտն այլ ելք չուներ, որովհետև իրեն խայտառակ ձևով էին ճանապարհելու: Այնպես չէ, որ կամավոր հրաժարական է տալիս: Սա ոչ միայն նրա անձի շուրջ ձևավորված գնահատականն է, այլև մատնանշում է, որ Եվրոպայի քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն ընդունում այդ վերաբերմունքն ու բարքերը, կոռումպացվածությունն ու անազնվությունը: Մեծ հաշվով՝ շատ ավելի լայն է նշանակությունը, քան Ագրամունտի հրաժարականը: Բացի այդ, որպես երևույթ այս հրաժարականը բացառիկ է, ԵԽԽՎ-ի 60-ամյա կենսագրության ընթացքում նման դեպք չէր եղել»,- ասել է Հ. Նաղդալյանը: