ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից` Երևանում ասաց ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը։
«Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլորի համար, սակայն տվյալ դեպքում, որոշիչ խոսքը Հայաստանինն է, որովհետև որոշումները մենք ընդունում ենք կոնսենսուսի հիման վրա»,- ընդգծեց նա։ Նա նաև ասել է, որ ԵԱՏՄ ընդլայնումը և Կովկասի ինտեգրումը այդ միության մեջ կօգնի կարգավորել ամենադժվար քաղաքական խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
«ԵԱՏՄ-ի ինտեգրումը բնական գործընթաց է։ Մենք միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, սովետականը և կարող ենք միասին կառուցել մեր ապագան 100 տարվա համար»: Նրա խոսքով, ՌԴ նախագահի առաջարկած եվրասիական գործընկերության նախագիծը բարեկամ երկրների միավորման տարբերակ է, որի պարագայում հարգվում է միմյանց սուվերենությունը։
«Դա կամավոր միավորում է, չկա պարտադրանք, ինչպես ԵՄ դեպքում է։ Եթե չլիներ ամերիկյան միջամտությունը ՈՒկրաինայի ներքին գործերին՝ այդ երկիրը կլիներ ԵԱՏՄ կազմում և կունենար ոչ թե 30 տոկոսի ՀՆԱ-ի անկում, այլ 10 տոկոսի աճ։ Նույնը վերաբերում է նաև Կովկասին։ Եթե մենք Կովկասում ուզում ենք ունենալ խաղաղություն, համագործակցություն, որոնք կօգնեն լուծել քաղաքական խնդիրները, պետք է ամբողջ Կովկասը ինտեգրել ԵԱՏՄ կազմում»,- նշեց ՌԴ նախագահի խորհրդականը։ Հարցին՝ նկատի ունի նաև ղարաբաղյան հակամարտությու՞նը, Սերգեյ Գլազևը պատասխանեց. «Այդ թվում»։
Նրա խոսքով, միասնական տնտեսական տարածքը, երբ գործում են ընդհանուր տնտեսական շահեր, հնարավորություն է ստեղծում լուծելու անլուծելի թվացող խնդիրներ։