ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը դեռևս չի տեղափոխի Թել Ավիվից Երուսաղեմ: Դեսպանատան տեղափոխումը Թրամփի նախընտրական խոստումներից էր: Մասնակցելով Trinity Broadcasting Network հեռուստակայանով հեռարձակվող հաղորդմանը, որը վարում է Արկանզասի նախկին հանրապետական նահանգապետ Մայք Հաքաբին, Թրամփն ասել է, որ առժամանակ կասեցնում է դեսպանատան տեղափոխումը՝ ցանկանալով պայմաններ ստեղծել իսրայելա-պաղեստինյան խաղաղության համաձայնության համար:
Խոսելով Իրանի միջուկային գործարքի մասին, որի նկատմամբ ունի խիստ բացասական վերաբերմունք՝ նախագահը չի հստակեցրել իր մտադրությունները, սակայն ընդգծել է, որ դա շատ անհաջող գործարք է և ավելացրել, որ «Իրանը միշտ խնդիրներ է հրահրում հատկապես Մերձավոր Արևելքում»: