ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրել է Վլադիմիր Պուտինին, որ իբրև թե մասնակից է նախագահական ընտրություններում իր պարտությանը։ Նա հայտարարել է, որ ՌԴ նախագահն անձնապես խոր վիրավորված է իրենից։
Քլինթոնի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը համակված է Խորհրդային Միության փլուզման և Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլանման համար վրեժխնդիր լինելու ցանկությամբ, հայտնում է The Sunday Times-ը։ Պարբերականի հետ զրույցում Քլինթոնը Պուտինին անվանել է «իսկական չարագործ»։ Քլինթոնն ասել է, որ «հրեշավոր պատասխանատվություն» է զգում, որ չի կարողացել հասկանալ, թե ինչպես հաղթել Թրամփին։
The Daily beast առցանց պարբերականը տարածել է տեղեկություն, որ ՌԴ իշխանություններն ընտրությունների ժամանակ վարձել էին երկու սևամորթ վիդեոբլոգերների, ովքեր քննադատել են Հիլարի Քլինթոնին։ Նրանց նախագծում, որն անվանվում է «ՈՒիլյամս և Քելվին», ասվում է, որ Քլինթոնների ընտանիքը «սերիական մարդասպաններ են, որոնք ծրագրում են բռնաբարել ողջ երկիրը»։
Ավելին, նրանք հաստատել են, որ Հիլարի Քլինթոնի արշավը ֆինանսավորել են մուսուլմանները։ Ավելի ուշ բլոգերների էջն արգելափակվել էր Facebook-ում և Twitter-ում։ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Հետաքննությունների դաշնային բյուրոն, Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հատուկ կոմիտեները հետաքննություն են սկսել ընտրություններում ՌԴ-ին վերագրվող միջամտության վերաբերյալ։