Ղրղզստանի իշխանությունները նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարել են զինված հեղաշրջում պատրաստվելու մասին: Դրանում մեղադրում են ընդդիմադիր գլխավոր թեկնածու Բաբանովի կողմնակիցներին, մասնավորապես՝ պատգամավոր Կանատբեկ Իսաևին: Ընտրությունները Ղրղզստանում պետք է տեղի ունենան հոկտեմբերի 15-ին: Շաբաթ օրը Ղրղզստանի գլխավոր դատախազությունը հայտնել է երկրի խորհրդարանի պատգամավոր Կանատբեկ Իսաևի դեմ գործ հարուցելու վերաբերյալ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության բռնի զավթում պատրաստելու մասին: Դատախազության տվյալներով՝ Իսաևը, «նախնական դավադրության մեջ մտնելով առանձին անձանց, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների հետ, ակտիվ գործողություններ է իրականացնում՝ ուղղված զանգվածային անկարգությունների կազմակերպմանը»: