Վրաստանի նախագահը վետո է դրել Սահմանադրության փոփոխությունների վրա, որոնք ավելի են ընդարձակում խորհրդարանական կառավարումը: Երեկ հեռարձակված տեսաելույթում Գիորգի Մարգվելաշվիլին պահանջել է փոփոխություններ կատարել նախագծում, այդ թվում՝ վերականգնել նախագահի ուղիղ ընտրությունները և 2020-ից խորհրդարանական ընտրություններն անցկացնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով:
Չնայած Մարգվելաշվիլու ընդդիմությանը՝ իշխող կուսակցությունը նախանցած շաբաթ հավանություն էր տվել փոփոխություններին և հիմա էլ հայտարարում է, թե կարող է հաղթահարել նախագահական վետոն․ «Վրացական երազանքը» խորհրդարանում 117 մանդատ ունի՝ պահանջվող 114-ի փոխարեն: Նախագահական հաջորդ ընտրությունները Վրաստանում անցկացվելու են 2018-ին, Մարգվելաշվիլին նորից առաջադրվելու մասին առայժմ չի հայտարարել: