Աշխատանքային այցով Սոչիում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին մասնակցում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և ՌԴ նախագահները, Ղրղզստանի վարչապետը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի նիստի օրակարգում տեղեկատվայնացման, մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների և արդյունաբերության ոլորտներում համագործակցության, միջազգային գործունեության վերաբերյալ հարցեր են: Առանցքային թեմաներից մեկը մինչև 2025-ը ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է: Նիստին ներկայացվել են 2018-ին Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Նախագահներին տեղեկատվություն կներկայացվի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ից:
ԵՏՀ բարձրագույն խորհրդի նիստի անդամները ծանոթացել են անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի և 2016 թ. մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ ԵՏՀ հանձնաժողովի զեկույցին: Քննարկվել է «ճանապարհային քարտեզի» մշակման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարականը՝ ուղղված բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցմանը:
Օրակարգի մյուս հարցը Երկրի հեռակա զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և գեոտեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունն է: Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները նիստում կհաստատեն ԵԱՏՄ Դատարանի նախագահին և նրա տեղակալին: Գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը վերաբերում է Միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահությանը: