Թուրքիան ԱՄՆ-ի կարիքը չունի՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, արձագանքելով երկու երկրների միջև հինգերորդ օրը շարունակվող դիվանագիտական սկանդալին: «Եթե ԱՄՆ-ը չի ընդունում Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես կա, ուրեմն, մենք ձեր կարիքը չունենք: Մենք ցեղախումբ չենք, և ոչ էլ այդպիսի պետություն: Սա Թուրքիայի Հանրապետությունն է, և դուք դա պետք է ընդունեք: Հակառակ դեպքում, կներեք, մենք ձեր կարիքը չունենք»,- մի քանի անգամ ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Վաշինգտոնի հասցեին մեղադրանքները չեն ավարտվել: «Նահանգները մեզ զենք չի վաճառում, փոխարենը՝ անվճար զինամթերք է բաժանում ահաբեկչական խմբավորումներին»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքական կողմն առաջին անգամ չի քննադատում «Իսլամական պետության» դեմ պայքարում Սիրիայի քրդերի հետ համագործակցելու՝ Վաշինգտոնի քաղաքականությունը, պնդելով, թե սահմանին ակտիվացած քրդական խմբավորումները կարող են խնդիրներ ստեղծել երկրի տարածքում: «Որևէ մեկը չի կարող պնդել, թե Թուրքիայի հարավում բացված միջանցքը նպատակ ունի պայքարել «Իսլամական պետության» դեմ, իրականում նրանք Թուրքիան են ուզում պաշարել»,- հայտարարել է Էրդողանը: Երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել են հանդիպել և քննարկել տարաձայնությունները` Haberturk-ի եթերում հայտարարել էր Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Երեկ երեկոյան էլ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների ԱԳ նախարարները: Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Ռեքս Թիլերսոնը Չավուշօղլուին փոխանցել էր խոր մտահոգությունները՝ ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի ու Ամերիկայի մի քանի քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ: Նա պահանջել էր, որ Թուրքիայի կառավարությունը հստակ բացատրություններ և ապացույցներ ներկայացնի նրանց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:
Էրդողանի վերջին ելույթին ամերիկյան կողմը դեռ չի արձագանքել: