Վերջին 25 տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքի ուշադրության կենտրոնում են եղել նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը և կառավարության աշխատանքը հասարակությանը մատուցվող ծառայությունների մասով, ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը։
«ՈՒրախ եմ, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը գերակա խնդիր է հռչակել և այդ ուղղությամբ քայլեր է իրականացնում»,- նշեց նա ԱՄՆ ՄԶԳ` Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյա հոբելյանը նշանավորող տոնական միջոցառման շրջանակում: Դիտարկմանը, թե այս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն 1 մլրդ դոլար է ծախսել և ինչպիսին է լինելու հետագայում տրամադրվելիք գումարը՝ դեսպան Միլզն ընդգծեց, որ գումարը տարեցտարի փոփոխվում է։ Նրա խոսքով, իրենց նպատակը երբևէ չի եղել, որ ՄԶԳ-ն Հայաստանում միշտ լինի, այլ փորձ է արվել օգնել ձևավորելու կարողություններ:
«Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ եկող տարվա համար Հայաստանին տրվող գումարը մեծանալու է, բայց պետք է նաև գիտակցել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես չի լինելու, նպատակը եղել է օգնել ձևավորել մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանն ինքը զբաղվի տարաբնույթ հարցերով»,- նշեց դեսպանը։