Սան Ֆրանցիսկոյում ՌԴ դիվանագիտական ունեցվածքի նկատմամբ ԱՄՆ գործողությունները թշնամական են և ուղղված են երկկողմ հարաբերությունների խզմանը` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, դրանք թշնամական, ոչ բարեկամական գործողություններ են՝ ուղղված մեր՝ առանց այն էլ ողբալի վիճակում գտնվող հարաբերությունների խզմանը։ Նախագահ Պուտինն այս դեպքում, անկասկած, կանի այն, ինչ ՌԴ շահերից է բխում»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Սան Ֆրանցիսկոյում ռուսական գույքի խնդիրը։ Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ իշխանությունները Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսության և Վաշինգտոնի առևտրային ներկայացուցչության շինություններից հանել էին ռուսական դրոշները։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան հաղորդմամբ՝ ամերիկյան կողմին վճռական բողոք է ներկայացվել, Մոսկվան պահանջել է անհապաղ վերականգնել դրոշները։