Ղրղզստանի նախագահական ընտրություններից երկու օր առաջ երկրի իրավապահները ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովի ելույթներում զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանություններին չհնազանդվելու կոչեր են հայտնաբերել: Ղրղզստանի ազգային անվտանգության փորձագիտական հանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմադիր թեկնածուի ելույթում ազգամիջյան ատելություն հրահրելու նշաններ կան:
Նյութերը փոխանցվել են երկրի գլխավոր դատախազություն: Սեպտեմբերի վերջերին Բաբանովը, որ համարվում է իշխանական թեկնածու, նախկին վարչապետ Սորնբայ Ժենբեկովի հիմնական մրցակիցը, Օշ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը ի թիվս այլ հայտարարությունների ասել էր. «Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք»: Օշ քաղաքում 2010-ին ուզբեկների և ղրղզների միջև բախումներ են տեղի ունեցել: Քաղաքական գործչի նախընտրական շտաբում պնդում են, որ մեջբերումը ընդհանուր խոսքից հանվել է և մոնտաժվել: Բաբանովը, ըստ թիմակիցների, խոսել է ընտրություններում խախտումների մասին: