Թուրքիայում հինգերորդ անգամ կարող է երկարաձգվել անցած տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը: CNN Türk-ի փոխանցմամբ՝ հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Մուստաֆա Էլթաշը:
Նրա խոսքով՝ հարցը քննարկվելու է հոկտեմբերի 16-ին նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Անվտանգության խորհրդի՝ արտակարգ դրությունը երկարաձգելու որոշում կայացնելու դեպքում հաստատման համար նախ կքննարկվի նախարարների խորհրդի նիստում, ապա կուղարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողով: Նախատեսվում է, որ որոշումը Մեջլիսում կընդունվի մինչև հոկտեմբերի 19-ը, երբ կավարտվի նախորդ երկարաձգման ժամկետը: