Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ պատրաստ է ԵԱՏՄ արտահերթ նիստ հրավիրել, պատճառը՝ Ղազախստանի հետ սահմանին տիրող իրավիճակն է: «Եթե մեր ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում սահմանին իրավիճակը անփոփոխ մնա, ես կպահանջեմ ԵԱՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Ես այդպիսի իրավունք ունեմ»,- հայտարարել է Ատամբաևը:
Ղրղզստանի ու Ղազախստանի հարաբերությունները լարվեցին, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սեպտեմբերին անակնկալ իր աջակցությունը հայտնեց Ղրղզստանի նախագահի թեկնածուներից մեկին՝ մեծահարուստ գործարար Օմուրբեկ Բաբանովին: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Նազարբաևին մեղադրեց երկրի ներքին գործերին խառնվելու մեջ՝ հայտարարելով, որ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթանները»: Մեկ այլ ելույթում էլ քողարկված քննադատություն հնչեցրեց Բաբանովի հասցեին՝ նրան օտար երկրի «սպասարկու» անվանելով:
Այս ամենին Ղազախստանն արձագանքեց` խստացնելով վերահսկողությունը սահմանին, ինչի հետևանքով հոկտեմբերի 10-ից սահմանային անցակետում մեծ կուտակումներ են: