Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը երկրում մեկնարկած նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր մտադիր են այսօրվա ընտրությունների խաղաղ ընթացքին խոչընդոտել անկարգություններով: «Նստեցրել ենք ու նստեցնելու ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են անկարգություններ անել նախագահական ընտրությունների ժամանակ»,-մեջբերում է kabar.kg կայքն Ատամբաևի խոսքը:
Նախագահը նաև մանրամասնել է, որ նախորդ օրը ձերբակալվել է քաղաքացիներին գումար բաժանող մի խումբ: «Ժամանակները, երբ կարելի էր ամեն ինչ անել, արդեն անցել են»,-ընդգծել է Ատամբաևը: Ղրղզստանի նախագահը շեշտել է, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին, ուստի՝ ինքը բավականաչափ ժամանակ կունենա ընտրությունները փչացնելու նպատակ ունեցողներին պատժելու համար: «Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են անկարգություններ անել, բանտերում բավականաչափ տեղ կա»,-ասել է Ատամբաևը: Ներքին գործերի նախարար Ալմազ Օրոզալիևը հայտնել է, որ ընդհանուր իրավիճակը խաղաղ է, արձանագրվել են մանր խախտումներ:
Ղրղզստանում ընտրություններն առաջին անգամ անցկացվելու են ավտոմատացված էլեկտրոնային համակարգերի միջոցով, ինչը, ըստ իշխանությունների, կբացառի կեղծումների հավանականությունը: