Ղրղզստանում շաբաթներ տևած լարված նախընտրական պայքարն ավարտվեց գործող նախագահի աջակցությունը վայելող սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Սորոնբայ Ժենբեկովի հաղթանակով: ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ նախագահի իշխանական թեկնածուն հավաքել է ձայների 55 տոկոսը։ «Ղրղզստանը աշխարհին ցույց տվեց, որ մենք ինքնիշխան, ժողովրդավարական պետություն ենք և միայն մեր ժողովուրդն է ընտրում երկրի ապագան»,- երեկ ուշ գիշերին հայտարարում էր Ժենբեկովը:
Սորոնբայ Ժենբեկովի գլխավոր մրցակիցը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ, նավթային մագնատ Օմուրբեկ Բաբանովը, որ ստացել է ձայների 33 տոկոսը, հակառակն է պնդում: «Ընտրություններն անցել են իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների պայմաններում»,- հայտարարել է խորհրդարանական «Հանրապետություն-Աթա Ժուրտ» ընդդիմադիր խմբակցության առաջնորդը՝ իշխանություններին մեղադրելով իր անունը սևացնելու, իսկ իրավապահներին՝ իր դեմ աշխատելու մեջ: Բաբանովը, այդուհանդերձ, ընդունել է իր պարտությունը:
6 միլիոն բնակչություն ունեցող Ղրղզստանում նախագահի աթոռի համար պայքարում էր 11 թեկնածու: Վեց տարի երկիրը ղեկավարող Ալմազբեկ Աթամբաևը ընտրություններին չի մասնակցել՝ Սահմանադրությունը արգելում է նույն անձին երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Անկախ Ղրղզստանի պատմության ընթացքում առաջին անգամ գործող նախագահը իշխանությունը փոխանցում է խաղաղ՝ ընտրությունների ճանապարհով: