ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման անցկացումը և կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Անտոնիու Գուտերեշը «ողջունում է Ժնևում բարձր մակարդակով հանդիպումը»: «Նա ոգևորված է, որ նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով և լրացուցիչ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ: Գուտերեշը շեշտել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ է արել «կողմերին, հիմնվելով գագաթնաժողովի խթանի վրա, բանակցությունների ընթացքում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: