ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե ժամանակն է ավարտին հասցնելու ամերիկյան նախագահական վերջին ընտրություններին ռուսների հնարավոր միջամտության հետաքննությունը: «Այդ ամենն արդեն ձանձրացրել է ամերիկացիներին»` ասուլիսում ասել է Դոնալդ Թրամփը, ընդգծելով՝ գործը քննող Ռոբերտ Մյուլերը իր նախընտրական շտաբի ներկայացուցիչների և ռուսների հանցավոր գործարքի որևէ տարր չի հայտնաբերել: Ավելի վաղ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հայտարարել էին, թե Կրեմլը կիբերհարձակումներ է իրականացրել՝ նախագահական քարոզարշավին միջամտելու համար: Նախագահ Թրամփը, մինչդեռ, կրկին հայտարարել է, թե դեմոկրատներն օգտագործում են հարցը՝ նախորդ նախագահական ընտրություններում իրենց «պարտությունն» արդարացնելու համար:
«Ռուսաստանի հետ ողջ այդ պատմությունը սեփական պարտությունն արդարացնելու համար էր, սա է միակ բացատրությունը»,- հայտարարել է նա ՝ հավաստիացնելով, որ երբեք չի դիտարկել Ռոբերտ Մյուլերին այս հարցով հետաքննությունից հեռացնելու հնարավորությունը: