Ադրբեջանական պատվիրակությունը փորձում է օգտագործել ՆԱՏՕ ԽՎ-ն որպես հակառուսական պլատֆորմ, լրագրողների հետ զրույցում ամփոփելով ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներն` ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման՝ ՌԴ թիկունքում, նրանց պատվիրակության բացակայության պարագայում, նման բաներ ասելը, իսկ հետո գնալ եղբայրական համաձայնագրեր կնքել նրանց հետ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ ընդգծեց, որ Ադրբեջանը փորձել է առաջ քաշել այն հարցը, թե ՌԴ-ն Հայաստանին արտոնյալ պայմաններով է զենք տրամադրում, մինչդեռ հայկական պատվիրակությունը հակադարձել է՝ պնդելով, որ Ադրբեջանը ՌԴ-ից և մի շարք այլ երկրներից հարձակվողական սպառազինություններ է ձեռք բերում։ «Նրանք նպատակ ունեին Արևմտյան երկրների ներկայացուցիչների մոտ ցույց տալ, որ ՌԴ-ն կանգնած է Հայաստանի կողքին ու զինում է նրան»,- նշեց Կորյուն Նահապետյանը։
ՆԱՏՕ-ի ԽՎ նիստի ժամանակ մի շարք եվրոպական երկրների պատվիրակություններ մտահոգություններ և իրենց անհամաձայնությունն են հայտնել, որ, լինելով ՆԱՏՕ անդամ պետություն, Թուրքիան ՌԴ-ից ձեռք է բերում C-400 համակարգեր, ամփոփելով ՆԱՏՕ ԽՎ վեհաժողովի արդյունքները՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Երբ այս հարցը ուղղվեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին, նրա պատասխանը բավականին չափավոր էր։ Նա նկատեց, որ յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշում ինչ լրացուցիչ միջոցներ պետք է ձեռք բերել։ Իհարկե, կար որոշակի դիտարկում, որ C-400 համակարգերը չեն ընդգրկվում ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեջ, բայց չկար խոր քննադատություն կապված այդ համակարգերի ձեռքբերման հետ»,- նշեց Կորյուն Նահապետյանը։