Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սորոնբայ Ժենբեկովին Ղրղզստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Ցանկանում եմ հաստատել հայ-ղրղզական բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման գործում մեր հետաքրքրվածությունը: Համոզված եմ, որ վերջին տարիներին արձանագրված երկկողմ համագործակցության արդյունքները հետագա զարգացում, իսկ համատեղ ջանքերը նոր դինամիկա կունենան՝ ի շահ միջպետական համագործակցության ներուժի ավելի լիարժեք բացահայտման»` ասված է ուղերձում:
«Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները ամուր հիմք են ծառայում մեր պետությունների քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական և մշակութային-հումանիտար ծրագրերի իրականացման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում փոխգործակցության աճի համար»,- գրել է Սերժ Սարգսյանը: