«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է»,- հայտարարում է Բաքուն՝ պնդելով, որ Հայաստանի նախագահը իր ելույթով խախտել է պայմանավորվածությունները:
«Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են, որ ամփոփիչ հայտարարությունից բացի այլ հայտարարություններ չեն լինելու, Սերժ Սարգսյանը նման խոստում է տվել, որը, սակայն, չի պահել»,- Թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին երեկ Ժնևում՝ գրեթե մեկուկես տարվա ընդմիջումից հետո:
Շուրջ մեկ ժամ շարունակված բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայերի հետ հանդիպմանն ասել էր. «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»: