ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Twitter-ի միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը. «Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»:
Մամեդովն իր Facebook-յան էջում գրել էր, թե, իբր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Որոշում էր կայացվել, որ բացի համաձայնեցված դրույթներից, այլ հայտարարություններ չեն արվելու: Չնայած խոստմանը՝ նա չի պահել այն»,- գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը: Նա նշել է նաև, թե «Հայաստանի նախագահը գիտի և թող չմոռանա, որ Լեռնային Ղարաբաղը եղել է և կմնա Ադրբեջանի անբաժանելի մաս»: