Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովն ակնհայտորեն ընկալման խնդիր ունի` ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի գրառմանը:
«Թե ինքը, թե Ադրբեջանի այն պաշտոնյաները, ովքեր նման հայտարարությամբ են հանդես գալիս և փորձում են պատրանք ստեղծել, թե, իբր, ՀՀ նախագահն անմիջապես հանդիպումից հետո ցանկացել է մանրամասներ հնչեցնել ու, իբր, պայմանավորվածություն է խախտել, ոչ այլ ինչ է, եթե ոչ անհեթեթ հայտարարություն»,- նշեց Է. Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ եթե Ալիևի օգնականն ուշադիր նայի կամ կարդա ՀՀ նախագահի ելույթը, շատ լավ կհասկանա, որ նախագահը խոսել է շատ կոռեկտ և հարգալից բառապաշարով: «Իսկ ինչ վերաբերում է երկու կարևորագույն կետերին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և, որ կարևորն անվտանգության խնդիրն է, դա հայկական կողմն ասել է և 10 տարի առաջ, և այսօր, և ասելու է վաղը: Մենք որևէ կապ չունենք բանակցությունների մանրամասների հետ և կարիք չկա հանրությանն ու միջազգային հանրությանը փորձել շփոթության մեջ դնել»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանը նախագահների հանդիպումից առաջ էլ է ասել, հետո էլ կասի Բաքվում ու Վաշինգտոնում, Նյու-Յորքում ու Մոսկվայում:
«Նախագահի խոսքը՝ անվտանգության կարևորության ու Արցախի հետ կապված, որևէ կապ չունի բանակցությունների մանրամասների հետ, իսկ ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ՀՀ նախագահն ասել է այն, ինչ հրապարակային տվել է Մինսկի խումբը: Իսկ Արցախի հետ կապված՝ Մամեդովը չլինի, ով ուզում է լինի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, հայկական կողմը ևս մեկ անգամ կրկնում է»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը: