ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարան է ուղարկել պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման օրենքի նախագիծը: Եթե օրինագիծը ստանա Ռադայի հավանությանը, 2020-ից ուկրաինացի օրենսդիրներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու համար անհրաժեշտ չի լինի խորհրդարանի համաձայնությունը: Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջը Կիևի կենտրոնում կազմակերպված բազմամարդ բողոքի ցույցի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկն էր: Ցույցն ուղեկցվել է ոստիկանների և ակցիայի մասնակիցների բախումներով: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, երբ հանրահավաքի մասնակիցները փորձել են վրան տանել Ռադայի շենքի մոտ՝ շրջանցելով մետաղորսիչ սարքերը: Զանգվածային բողոքի ակցիան, որ նախաձեռնել էր Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական ընդդիմության այլ ներկայացուցիչների հետ, խաղաղ էր: Ցուցարարների թիվը տարբեր գնահատականներով կազմել է 3- 6 հազար: Ցույցի մասնակիցներն իշխանություններին երեք հիմնական պահանջ են ներկայացրել՝ ստեղծել հակակոռուպցիոն դատարան, չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը և բարեփոխել Ընտրական օրենսգիրքը:
ՈՒկրաինական ընդդիմության գնահատմամբ՝ երկրում դատարանների անկախության հարցում առաջընթաց չկա, իսկ կոռուպցիան շարունակում է մոլեգնել առաջվա պես: Հանրահավաքը հաջորդում է երկրում վերջերս բացահայտված հերթական աղմկոտ կոռուպցիոն սկանդալին: ՈՒկրաինացի քննիչները պարզել են, որ պատերազմական դրության մեջ գտնվող երկրի ռազմական գերատեսչության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ խոշոր չափերի պետական ունեցվածք են յուրացրել: Կրքերն էլ ավելի են բորբոքվել, երբ իրավապահները կասկածյալներին ոչ թե բանտարկել են, այլ տնային կալանքի են ենթարկել: Թեև ՈՒկրաինայում վերջին ամիսներին նման բացահայտումները հաճախակի են, ընդդիմությունը դա բավարար չի համարում՝ պահանջելով խստացնել կոռուպցիոներների պատիժը: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ակտիվիստները պնդում էին՝ նախագահն ու խորհրդարանը երեք տարում որևէ կերպ չեն բարեփոխել ՈՒկրաինայի քաղաքական համակարգը, չեն կատարել նախընտրական խոստումները:
ՈՒկրաինայի արևմտամետ նախագահը, որ Եվրամիությանը և Արժույթի միջազգային հիմնադրամին խոստացել էր անկախ դատական գործընթաց սկսել կոռուպցիայի մեջ մեղադրվող բարձրաստիճան քաղաքական գործիչների և պաշտոնյաների նկատմամբ, դեռ չի կատարել խոստումը: «Կոչ եմ անում կիևցիներին գալ այստեղ և պահանջել Պորոշենկոյի հրաժարականը»` հանրահավաքում հայտարարել է ՈՒկրաինայում ընդդիմադիր շարժում սկսած Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ «քանի դեռ Պորոշենկոն իշխում է, կլինի աղքատություն, ստորացում և արտագաղթ»:
Վրաստանի նախկին նախագահն ՈՒկրաինայի առաջնորդին մեղադրում է երկրի օլիգարխիկ կլանների շահերը սպասարկելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում ցանկություն չդրսևորելու և սեփական բիզնես կայսրությունն ընդլայնելու մեջ: Որևէ երկրի քաղաքացիություն չունեցող Սաակաշվիլին նախօրեին Խարկովում հայտարարել է, թե հնարավոր է, որ ՈՒկրաինայի իշխանությունները փորձեն՝ հեռացնել իրեն: «Ես հաստատ գիտեմ, որ նրանք կփորձեն ինձնից ազատվել: Կարող են ձերբակալել, արտահանձնել, նույնիսկ սպանել: Խնդիրը դա չէ: Ես չեմ վախենում»,- ասել է Սաակաշվիլին: