Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ինչպես հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, նախագահական ընտրություններին կարող է առաջադրվել 2028-ից հետո միայն: «Նավալնին կկարողանա առաջադրվել նախագահի թեկնածու, երբ անցնի այս ժամկետը՝ 10 տարի գումարած 5 ամիս... Ի՞նչ տարիք ունի որ, ամբողջ կյանքն առջևում է»,- ասել է Պամֆիլովան՝ հավելելով․ «Նա ուներ այս ընտրություններին մասնակցելու շանսեր՝ եթե որոշումը բողոքարկեր Սահմանադրական դատարանում: Նա, սակայն, այլ ճանապարհով է գնացել՝ մարդկանց փողոց է հանել՝ մտածելով, թե մենք կվախենանք: Ես երբեք ոչ մեկի ճնշման տակ թույլ չեմ տա, որ խախտվի օրենքը՝ լա՞վն է, թե՞ վատը»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ Ալեքսեյ Նավալնու և նրա եղբոր՝ Օլեգ Նավալնու դեմ «Իվ Ռոշեի» գործով դատավճիռն օրինական չէ․ խախտվել են արդար դատավարության սկզբունքները: ՄԻԵԴ-ի դատավճռով Ռուսաստանի իշխանությունները Նավալնի եղբայրներին պետք է վճարեն 76 հազար եվրո: Միաժամանակ ՄԻԵԴ-ը քաղաքական չի համարում «Իվ Ռոշեի» գործը:
ՌԴ արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է, որ համաձայն չէ Եվրադատարանի որոշմանը՝ գոհունակությամբ նկատելով, որ ՄԻԵԴ-ը քաղաքական չի որակել գործը: Դատավճռին արձագանքել է նաև Ալեքսեյ Նավալնին, որ անազատության մեջ է. նա 20-օրյա կալանքի է դատապարտվել սեպտեմբերի 20-ին Նիժնի Նովգորոդում ապօրինի հանրահավաքներ կազմակերպելու կոչեր հնչեցնելու համար: «Արդարությունը հաղթել է,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի իր բլոգում գրել է Նավալնին: -Գող և խարդախ իշխանություններին, ինչպես, օրինակ, Պամֆիլովային, մենք կարողանում ենք ցույց տալ արդար դատավարության որոշումները, այն դատավարության, որն իրենք երբեք չեն ունենա»:
Ըստ ռուսաստանյան մամուլի, Կրեմլը որոշել է, որ նախագահական ընտրություններում Պուտինի հիմնական մրցակիցը, այնուամենայնիվ, լիբերալ դաշտը ներկայացնող թեկնածուն է լինելու՝ ամենայն հավանականությամբ, լրագրող Քսենյա Սոբչակը: Ալեքսեյ Նավալնին ազատ կարձակվի հոկտեմբերի 22-ին: Նա արդեն հայտարարել է, որ հենց այդ օրը մտադիր է Աստրախանում մասնակցել իր կողմնակիցների բողոքի ակցիային: