Ադրբեջանի և Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննությանը կմասնակցեն նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետները` սպանությունից մեկուկես ժամ անց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը: Մալթայի ամենահայտնի հետաքննող լրագրողը սպանվել էր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: «Բոլորին է հայտնի, որ տիկին Կարուանա Գալիցիան խստորեն քննադատում էր ինձ` թե անձնապես և թե այն քաղաքականությունը, որը ես էի իրականացնում: Բայց միևնույն է` նման բարբարոսական գործողությունն անհնարին է արդարացնել: Ես չեմ հանդարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Կարուանա Գալիցիայի սպանությունը չի բացահայտվել»,- հայտարարում էր Մալթայի վարչապետը:
Դաֆնե Կարուանա Գալիցիայի անունը Մալթայի սահմաններից դուրս հայտնի դարձավ գարնանը, երբ նա ֆինանսական փաստաթղթերի պատճեններ հրապարակեց, որոնք վկայում էին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող՝ Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող՝ Պանամայում գրանցված Egrant ֆիրմային: Հետաքննող լրագրողը պարզել էր, որ Լեյլա Ալիևան 2016-ի հունվարից մարտ շաբաթական երկու անգամ 100-հազարական դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի տիկնոջը պատկանող ընկերությանը: Փոխանցումներն իրականացվել են Մալթայում գործող Pilatus բանկի միջոցով, որի ամենահարուստ հաճախորդներ են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը և Իլհամ Ալիևի երկու զավակները` Լեյլան և Հեյդարը: Մալթացի ընդդիմադիրները ենթադրում են, որ վարչապետ Մուսկատն ու նրա շրջապատը ադրբեջանական իշխանություններից պատկառելի գումարներ էին ստանում՝ որպես երախտագիտություն 2014-ի դեկտեմբերին Բաքու այցի ընթացքում կնքված պայմանագրերի դիմաց: Դրանց համաձայն, Մալթան պարտավորվում էր 18 տարի գազ գնել բացառապես Ադրբեջանից, ադրբեջանական ընկերություններին ներգրավել երկրի խոշորագույն էլեկտրակայանի շինարարության գործում:
Գարնանը հրապարակված այս հետաքննությունը ստիպեց վարչապետ Ջոզեֆ Մուսկատին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց ընթացքում իշխող լեյբորիստական կուսակցությանը հաջողվեց մեծամասնություն ստանալ: Ընդդիմադիր ազգայնական կուսակցության ղեկավարները կրկին քննադատում են Մուսկատին` պահանջելով Կարուանա Գալիցիայի սպանության անկախ հետաքննություն անցկացնել: «Այսօր Մալթայի քաղաքական կյանքում արձանագրված թերևս ամենամռայլ օրն է: Այս սպանությունը օրենքի գերակայության և օրինականության ասպարեզների կաթվածահար վիճակի ուղղակի հետևանքն է: Անհրաժեշտ է սպանության անկախ հետաքննություն իրականացնել, որում ներգրավված չեն լինի ոչ ոստիկանապետը, ոչ գլխավոր դատախազը և ոչ էլ զինված ուժերի հրամանատարը: Նրանք վերջին տարիներին Դաֆնե Կարուանա Գալիցիայի քննադատության թիրախ են հանդիսացել»` ասել է ազգայնական կուսակցության նախագահ Ադրիան Դելիան: Երկուշաբթի ուշ երեկոյան Մալթայի ամենահայտնի հանգստավայրում` Սիլեմա քաղաքում 3 հազար մարդ էր հավաքվել` հարգանքի տուրք մատուցելու սպանված լրագրողին: