«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի խնդիրները ոչ թե լուծվում, այլ խորանում են` աշխատակիցների թվի կտրուկ կրճատում, աշխատանքային օրերի նվազեցում, գողացված գնացքներ, ռելսերի վաճառք... Բոլոր դեպքերում ընկերության ղեկավարությունը գնացել է գումարներ տնտեսելու և սեփական աշխատավարձերը անտրամաբանական չափերի հասցնելու։
Ընկերության ղեկավարությունը նոր մեթոդ է գտել՝ ոչինչ չանելով լրացուցիչ փողեր աշխատելու համար` Հայաստանի հաշվին։ Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում ուղևորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս։ Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում։ Իսկ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատում 2011 թվականից։ Մասնավորապես, ըստ տարիների՝ սուբսիդիաների գումարն ունի հետևյալ տեսքը. 2011՝ 167 մլն ՀՀ դրամ, 2012՝ 155 մլն ՀՀ դրամ, 2013՝ 328 մլն ՀՀ դրամ, 2014՝ 536,5 մլն ՀՀ դրամ, 2015՝ 496,5 մլն ՀՀ դրամ, 2016՝ 588,4 մլն դրամ։ Այսինքն՝ 2011-2016-ին վնասը կտրուկ աճել է։ Երկաթուղով ուղևորափոխադրումները բոլոր երկրներում էլ համարվում են ոչ եկամտաբեր, վնասներ միշտ լինում են, բայց բազմաթիվ երկրներում այդ բացը փակվում է բեռնափոխադրումների հաշվին։ Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղին» նաև բեռնափոխադրումներ մասով է վնասով աշխատում` փոխադրումների գները անտրամաբանական և արհեստականորեն բարձրացրել է, և բոլորն էլ նախընտրում են բեռը տեղափոխել բեռնատարներով կամ այլ եղանակով, միայն ոչ երկաթուղով։ Արդյունքում ՀԿԵ-ն և բեռնափոխադրումների մասով է վնասով աշխատում, և ուղևորափոխադրումների, իսկ ՀՀ կառավարությունը փոխհատուցում է վնասները։ Ստացվում է, որ երկաթուղու ղեկավարությունը և՜ ներդրումներից է օգտվում, և՜ արհեստական վնաս ցույց տալով՝ ՀՀ կառավարության փոխհատուցումներն է յուրացնում։ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ երկու շաբաթ առաջ ստուգում է իրականացվել երկաթուղում, և միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում առանց տոմսի 150 ուղևոր է հայտնաբերվել։ Այս ստուգումը, սակայն, իրավական որևէ գնահատականի չի արժանացել, և միակ հետևանքը եղել է այն, որ տոմսավաճառը աշխատանքից ազատվել է։ Մինչդեռ դա միջոցների յուրացում է, և Քրեական օրենսգրքով հստակ հոդված կա այդ արարքի համար։ Սակայն օրենքը այս դեպքում էլ չի գործել, որը ընկերությանը, կայարանի ղեկավարությանը հնարավորություն է տալիս շարունակել նույն ոճով թալանել և ընկերությունը, և ՀՀ կառավարության միջոցները։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը արդեն սկսել է զբաղվել այս ապօրինությունների ուսումնասիրմամբ, և առաջիկայում բավական աղմկոտ սկանդալը բացառված չէ։
«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ղեկավարությունը զբաղված է միայն պոպուլիստական հայտարարություններով։ Իրականում պատկերը բոլորովին այլ է։ Ընկերությունում նախորդ տարիների համեմատ 2 տոկոսով աճել է մահացությունների թիվը, կտրուկ կրճատվել են սոցիալական ծրագրերը, բայց դրա ֆոնին կտրուկ աճել է ղեկավարության 23 աշխատակցի՝ ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի, ֆինանսական գծով տեղակալի ու մյուս տեղակալների աշխատավարձերը։ Նրանց մեկ գործուղման գումարը հավասար է երկաթուղու շարքային աշխատակիցների մի քանի տարվա աշխատավարձին։ Այսինքն՝ խնդիրները համատարած են, խնդիրներ կան նաև ղեկավար թիմում։