Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայում է։ Հոկտեմբերի 18-ին Սահակյանը Բրյուսելում մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Նա նշել է, որ նման միջոցառումները լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու և իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ: «Չափազանց կարևոր է, որ կայանա մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ և ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել մեր ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ»,- ընդգծել է ԼՂ նախագահը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Լեռնային Ղարաբաղին, ապրում նրա հոգսերով, անում հնարավորը՝ տարբեր ատյաններում ղարաբաղյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու և ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար:
Նախագահ Բակո Սահակյանն Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին: Համագումարին ներկա են եղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: