«Ադրբեջանական լվացքատան» մեջ նկարագրված փաստերը Ֆրանսիայի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովի կողմից հետաքննության առարկա են դարձել: Խորհրդարանի ստորին պալատի հանձնաժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը RFI-ին պատմել է հետաքննության մասին: 2016-ի սեպտեմբերից 2017-ի փետրվար Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում հասարակությանը իրազեկող հանձնաժողող է աշխատել, որ ստեղծվել է UDI կուսակցության (դեմոկրատների և անկախների միություն) պատգամավորների նախաձեռնությամբ: Կուսակցության խմբակցության նախագահ Ժան Քրիստոֆ Վիգյեն պահանջել է հետաքննական հանձաժողովի ստեղծում, սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ի պահանջով հանձնաժողովի ստեղծումը մերժվել է:
Հանձնաժողովն իր աշխատանքների ժամանակ 34 վկայի է լսել՝ Ադրբեջանի հետ աշխատող գործարարների, դիվանագետների, հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների: Նրանցից շատերը ափսոսանք են հայտնել, որ ոչ բոլոր հնարավոր վկաներն են կանչվել նիստին: «Փարիզում Ադրբեջանի դեսպանը մի քանի անգամ փորձել է կապվել իմ խորհրդարանական խմբի (UDI) նախագահի հետ՝ փորձելով հանձնաժողովը փակել, քանի որ նրանց շատ էր խանգարում. նրանք շատ լավ ծանոթ էին իրականության հետ»,- ասել է Ռոշբլուանը: Լրագրողական հետաքննության մեջ գործող մի քանի քաղաքական գործիչներ դարձել են այդ հանձնաժողովի անդամ: Նրանցից է Ժան Ֆրանսուա Մանսելը, որ ղեկավարում է Ֆրանսիայում Ադրբեջանի ընկերների ասոցիացիան: Այն հիմնականում ֆինանսավորվում է Ալիևի հիմնադրամի կողմից: Ադրբեջանի հետ Մանսելի սերտ կապերի մասին առաջին անգամ չէ, որ գրել է ֆրանսիական մամուլը և պատգամավորները չէին կարող չիմանալ: «Անդամների մեջ Ժան Ֆրանսուա Մանսելը միակն էր, որ մասնակցում էր բոլոր նիստերին: Մի անգամ, լսումների ժամանակ, մենք վիճեցինք և նա շրխկացնելով դուռը, հեռացավ նիստերի դահլիճից».- հիշում է նա: «Ռիշարը զրպարտության գործի այն ֆիգուրներից է, որի դեմ Ադրբեջանը դատարան էր դիմել: Մանսելը դատարանում լրագրողների դեմ վկա էր և Ադրբեջանի օգտին էր հանդես գալիս: Ֆրանսիայում Ադրբեջանի ընկերների ասոցիացիայի մեջ է եղել Ռաշիդա Դաթին՝ Եվրախորհրդարանի նախկին պատգամավորը և Փարիզի 7-րդ շրջանի քաղաքապետը: Ադրբեջանի քաղաքականության ևս մեկ պաշտպան է Նատալի Գուլեն՝ Օռն դեպարտամենտի սենատորը: 2015-ին Ադրբեջան այցի ժամանակ Գուլեն այցելել է բանտում գտնվող հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին: Հանդիպման ժամանակ ֆրանսուհին ասել է, որ չի կարող օգնել ազատել Լեյլային, քանի որ իշխանությունները գիտեն՝ դուրս գալուց հետո նա չի կարող լռել: Չնայած հանձնաժողովում շահագրգիռ պատգամավորների ներկայությանը, նրա հաշվետվությունն ընդունվեց և հրապարակվեց:
Այդ փաստաթղթում, որը կարելի է գտնել Ազգային ասամբլեայի կայքում, նշվում է ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարությունների մասին, որոնց ստիպել են ադրբեջանցի պաշտոնյաներին կաշառքներ տալ: Սակայն հաշվետվության մեջ չի հիշատակվում ֆրանսիացի պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչներրի մասին, որոնք Ադրբեջանից հաճախակի «նվերներ» են ստացել: Այդ մասին կարելի է իմանալ միայն լրատվամիջոցների հազվադեպ հրապարակումներից: Այսօր Ռոշբլաունը ցավում է, որ չկարողացավ գործն ավարտին հասցնել: Նա տեղյակ է Փարիզի Նանտերն արվարձանում ընթացող դատական գործընթացից, որտեղ մեղադրվում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի մասին ռեպորտաժ նկարահանած լրագրողները: «Մենք չկարողացանք ավարտին հասցնել գործը, ինչպես ես դա կուզեի: Ինչպես ցույց տվեց ժամանակը, ես ճիշտ էի: ԵԽԽՎ-ում ես բազմիցս զգուշացրել եմ Եվրոպայի ժողովրդական կուսակցության որոշ պատգամավորների կասկածելի գործունեության մասին: Թեև այն ժամանակ ես քիչ բան գիտեի Լուկա Վոլոնտի մասին, բայց ինչ վերաբերում է Պեդրո Ագրամունտին, ես գիտեի, որ նա ԵԺԿ-ում Ադրբեջանի շահերի իսկական ներկայացուցիչ է: Սկզբում նա այդ կուսակցության նախագահն էր, հետո ԵԽԽՎ նախագահը և այդ պաշտոնում նրա առաջին այցը Ադրբեջան եղավ: Այն ամենը, ինչ մամուլին հայտնի դարձավ վերջին ամիսներին, ինձ չի զարմացնում: Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել Էլիզ Լյուսեի և Լորան Ռիշարի պես լրագրողներին իրենց աշխատանքի համար, քանի որ շատ են ֆրանսիացի պատգամավորներն ու սենատորները, որոնք կարողացել են օգտվել ադրբեջանական ափսեից»:
«Երբ Ադրբեջանում տեղի ունեցան 2004-ի սեպտեմբերի հայտնի դեպքերը, ես ասացի, որ Ադրբեջանը իրեն ահաբեկչական պետության պես է պահում»: Ես ասացի «պես», ես չասացի, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է: Ինձ դատ էր սպասում: Դատարանը որոշեց, որ պետությունը որպես ֆիզիկական անձ չի կարող զրպարտության համար դատարան դիմել: Ես հաղթեցի և առաջին, և երկրորդ ինստանցիայում, այժմ ինձ սպասում է վճռաբեկ դատարանը:
Ես ուրախ եմ, որ երկու լրագրողների դեմ դատում փաստաբանը խնդրել է չեղարկել բողոքը: Պետությունը չի կարող մեղադրել լրագրողներին՝ ասելով` ինչ պետք է նրանք ասեն և ինչ ոչ: Պատկերացրեք, ինչ կլինի Հյուսիսային Կորեայի հետ: Ամեն օր լրագրողների դեմ դատեր կընթանան»: