Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենամեծ առաջնահերթությունն է, Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ինչպես գիտեք, 3 օր առաջ Ժնևում գագաթնաժողով է անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, այն հստակորեն արտացոլված էր արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ: Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ»,- նշել է նա:
Նալբանդյանը նշել է, որ համանախագահները պատրաստակամություն են հայտնել աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ և որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է` հայկական կողմը երկար ժամանակ է՝ հանդես է գալիս խաղաղ բանակցային հանգուցալուծման և լարվածության նվազեցման օգտին և այս ամենն արտացոլվել է համատեղ հայտարարության մեջ: «Մոտ 4 տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և համանախագահների մասնակցությամբ: Ինչպես գիտեք, նախկինում Հայաստանն իր պատրաստակամությունն էր հայտնում միանալու համանախագահների հայտարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ»,- ասել է նա:
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է` գագաթնաժողովից հետո Ադրբեջանը սկսեց կեղծ պնդումներ տարածել, թե իբր Հայաստանը ոտնահարել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը, որ նրանք Ժնևյան հանդիպմանը հղում կատարելիս պետք է սահմանափակվեն միայն համատեղ հայտարարության դրույթներով։
«Հայկական կողմն ամբողջապես հարգում է համաձայնությունը։ Այն վերաբերում է կոնկրետ ժնևյան հանդիպմանը, այլ ոչ թե ողջ խաղաղության գործընթացին։ Բայց, անկարելի է Հայաստանին արգելել վերահաստատել հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Առաջին անգամ չէ, որ իր շահարկումների համար Ադրբեջանը նման էժանագին ու խղճուկ հնարքներ է գործի դնում։ Ակնհայտորեն Բաքուն կնախընտրեր, որ բոլորը մոռանային ու չխոսեին իր ապակառուցողական մոտեցումների մասին։
Առաջին՝ 2016 թ. ապրիլին Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, ինչի հետևանքով խաղաղ գործընթացին հասցված վնասը դեռևս չի հաղթահարվել: Երկրորդ՝ Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
Երրորդ՝ Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն:
Չորրորդ՝ չնայած համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հարգելու 1994-95 թթ. համաձայնագրերը, Բաքուն շարունակում է խախտել հրադադարը»,- նշել է ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանն ասել է` Հայաստանը խորապես համոզված է, որ եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը՝ խստորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների առաջարկած հակամարտության կարգավորման 3 սկզբունքներին և կառուցողական մասնակցություն ունենա բանակցություններին, հնարավորություն կստեղծվի խաղաղ գործընթացի առաջմղման համար: «Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և երբևէ չի կարող լինել, ինչպես բազմիցս նշել է նախագահ Սարգսյանը»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը: