Ռուս լրագրող, ռեալիթի շոուի աստղ Քսենյա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի՝ 2018 թ․ մարտին կայանալիք ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին: «Ես Քսենյա Սոբչակն եմ, 36 տարեկան։ Ինչպես Ռուսաստանի ցանկացած քաղաքացի, ես ևս նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ և որոշել եմ օգտվել այդ իրավունքից, թեկուզ միայն այն բանի համար, որ դեմ եմ բոլոր նրանց, ովքեր սովորաբար մասնակցում են ընտրութուններին։ Ընտրելով ինձ, դուք ընտրում եք «բոլորին դեմը»»,- հայտարարել է Սոբչակը: Ռուսաստանի գործող Ըտրական օրենսգրքից «բոլորին դեմ» ընտրանքը հանված է: Քսենյա Սոբչակը ընդդիմադիր հայացքներ ունեցող ՌԴ բոլոր քաղաքացիներին հորդորել է համախմբվել իր շուրջը:
«Քանի որ բոլոր այդ ավանդական թեկնածուներից մենք հոգնել ենք»,- նշել է Սոբչակը, նրա այս հայտարարություններն անմիջապես առաջնային տեղեր են զբաղեցրել ռուսաստանյան հեռուստաեթերում: ՌԴ ազատական շրջանակներին մոտ կանգնած քաղաքագետների գնահատմամբ՝ նախագահական ընտրություններին մասնակցելու՝ Սոբչակի որոշումը «Կրեմլի նախագիծն է»: «Առաջին անգամ է, որ Կրեմլը Պուտինի հիմնական մրցակցի դերում լիբերալի համբավ ունեցող կին թեկնածու է որոնում»,- դեռևս սեպտեմբերի 1-ին գրել էր «Վեդոմոստի» թերթը, որպես հավանական թեկնածու նշելով Քսենյա Սոբչակի անունը։ Նա հայտարարում էր, որ որևէ պայմանավորվածություն իր և Պուտինի վարչակազմի միջև գոյություն չունի և ինքն «ինքնուրույն մարդ է»:
Անցած շաբաթ BBC-ն գրել էր, թե Քսենյա Սոբչակը հանդիպում է ունեցել Պուտինի հետ։ Երեկ «Դոժդ» հեռուստաընկերության եթերում Սոբչակը հաստատել է այդ լուրը, հավելելով, որ Պուտինն իր հոր՝ Անատոլի Սոբչակի մասին վավերագրական ֆիլմի հերոսներից մեկն է, և ինքը հարցազրույց է վերցրել Պուտինից: Ավելին՝ Սոբչակը հավելել է, թե ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշումը «Պուտինին դուր չի եկել»։ Սոբչակի՝ նախագահ առաջադրվելու մտադրության մասին խիստ բացասական էր արտահայտվել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նա պնդել է, որ Սոբչակին նման առաջարկ է արել Կրեմլը՝ իր կողմնակիցներից ձայներ խլելու համար։ Մինչդեռ՝ Սոբչակը երեկ «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է՝ եթե Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի Նավալնուն, որպես նախագահի թեկնածու, ինքը դուրս կգա ընտրական պայքարից: Քսենյա Սոբչակը նշել է նաև, թե ինքը «Նավալնու համախոհն է և ընկերը»։
Քաղաքագետ Կիրիլ Ռոգովի կարծիքով, «Քսենյան կարող է անսպասելի հաջողություն ունենալ», քանի որ «կարողանում է իր ելույթներում համոզիչ լինել»: Ռոգովը, սակայն, համոզված է, որ ընտրությունների վերջնական փուլին Սոբչակը չի հասնի: «Գրեթե համոզված եմ, որ Սոբչակի ազգանունը չի լինի ընտրություններում: Մինչ այդ նա կհայտարարի, որ չի մասնակցելու ընտրություններին, սրանք իրական ընտրություններ չեն, ընդամենը ռեալիթի շոու է»,- ասել է քաղաքագետը:
Ընդդիմադիր գործիչ Իլյա Պոնոմարյովի կարծիքով էլ՝ Սոբչակը կարող է մինչև 5 տոկոս քվեներ ստանալ: Քսենյա Սոբչակը մտադիր է հաջորդ շաբաթ հանդես գալ ասուլիսով և ներկայացնել իր առաջիկա ծրագրերը: