Կառավարության նիստում հավանություն տրվեց հանրաքվեի մասին օրենքի նախագծին, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին օրինագծեր դնել հանրաքվեի: Օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է փոփոխված Սահմանադրությամբ: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է. «Գաղափարը հետևյալն է, որ 50- հոգանոց նախաձեռնող խումբ կարող է ստեղծվել, որը գրանցվում է որպես նախաձեռնող խումբ ԿԸՀ-ում, որից հետո սկսվում է ստորագրությունների հավաքման գործընթացը: Ստորագրությունների քանակը հստակորեն նախատեսված է Սահմանադրությամբ: Փուլ, որը նախատեսում է ստորագրությունների վավերացման ստուգում և հետագա գործընթացը հանրաքվեի հետ կապված»:
Քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացրած օրենքի նախագծերը կարող են դրվել հանրաքվեի, եթե ԱԺ-ն մերժել է: Դրանից հետո ընտրելու իրավունք ունեցող 300 հազար քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է ԿԸՀ` ստորագրությունների վավերականության հաստատման համար: Այնուհետև նախագիծը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, և միայն գլխավոր օրենքին չհակասելու դեպքում, նախագահի կողմից նախագիծը դրվում է հանրաքվեի:
Նույնիսկ ստորագրությունների անհրաժեշտ քանակի ապահովման դեպքում ոչ բոլոր հարցերը կարող են քաղաքացիական նախաձեռնությամբ դրվել հանրաքվեի: Արդարադատության նախարարը թվարկեց բացառությունները` «Սահմանված է այն հարցերի շրջանակը, որոնք ընդհանրապես չեն կարող կարգավորվել հանրաքվեի միջոցով: Խոսքը վերաբերում է սահմանադրական օրենքների իրավակարգավորման ոլորտին, բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, պետության անվտանգության հետ կապված հարցերին, համաներմանը, միջհամայնքային միավորումներին և երկրի վարչատարածքային բաժանմանը, նախարարությունների քանակին և կառավարության գործունեության կարգին»: