Քաղաքական բանավեճերի «Վալդայ» ակումբի ավանդական հավաքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցին: Փոխարենը անեկդոտ է պատմել ու կոշտ կերպով քննադատել ԱՄՆ-ի-ին։ «Վալդայ» ակումբի հերթական նիստն անցկացվել է Սոչիում: Ելույթ ունենալուց հետո Պուտինը պատասխանել է փորձագետների հարցերին։ Նիստին մասնակցել են նաև «Ալի Բաբա» չինական օնլայն խանութի հիմնադիր Ջեկ Ման և Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը։ Ավելի վաղ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե նախագահը կարևոր հայտարարություն է անելու, որ շատերին ստիպել էր մտածել, թե Կրեմլի ղեկավարը հստակություն կմտցնի նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցում: Սակայն ոչ ելույթում, ոչ հարցերին պատասխանելիս Պուտինն այդ մասին չի խոսել, իսկ քաղաքագետ Ֆեոդոր Լուկյանովի դիտարկմանն ի պատասխան, թե «Դուք աշխարհին պետք եք», անեկդոտ է պատմել ռուս օլիգարխի մասին, հավելելով, որ իրեն չեն կարոտի։ Պուտինին հարցեր են ուղղել նաև Քսենյա Սոբչակի առաջադրման մասին: Նա նախօրեին հայտարարել էր նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանում նախագահը կին լինի, Պուտինը պատասխանել է՝ «Ռուսաստանում ամեն ինչ հնարավոր է»։
Խոսելով Կատալոնիայի անկախության հանրաքվեին առնչվող իրադարձությունների մասին, Պուտինը բացասական զարգացումների համար մեղավոր է համարել Արևմուտքին, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը` «նախադեպ ստեղծելով»: Առավել կոշտ են եղել ՌԴ նախագահի՝ ԱՄՆ-ի-ին վերաբերող գնահատականները: Միջուկային սպառազինության մրցավազքի մասին խոսելիս,Պուտինը պատմել է, թե «ինչ միամիտ էր Ռուսաստանը Ելցինի օրոք, ինչպես էր վստահում ամերիկացիներին, ինչպես էր պարտաճանաչ կատարում ամերիկյան կողմի հետ կնքված բոլոր համաձայնագրերը, ինչպես էին ամերիկացիները վերահսկում ռուսական միջուկային օբյեկտները, վերահսկում դրանց ոչնչացումը, փոխարենը չէին կատարում իրենց պարտավորությունները»։ «Ռուսաստանը չափից ավելի էր վստահում ԱՄՆ-ի-ին, և դա ընկալվել է որպես թուլություն։ Մեր սխալն այն էր, որ մենք ձեզ չափից ավելի էինք վստահում, իսկ ձեր սխալն այն էր, որ դուք դա որպես թուլություն ընկալեցիք ու չարաշահեցիք մեր վստահությունը»,- արևմտյան փորձագետի հարցին ի պատասխան, «Վալդայ» ակումբում ասել է Պուտինը։
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ռուսաստանում արևմտյան լրատվամիջոցների գործունեությանը: Պուտինը նշել է՝ եթե Ռուսաստանը զգա, որ իր լրատվամիջոցների գործունեությունն Արևմուտքում խոչընդոտվում է, «արագ և համաչափ պատասխան կտա»։ Պուտինն անդրադարձել է նաև ուկրաիանական, հյուսիսկորեական և սիրիական խնդիրներին, ընդգծելով՝ չնայած տարաձայնություններին ու բարդություններին, ՌԴ-ն ու ԱՄՆ-ի-ը այդ խնդիրների կարգավորման հարցում պետք է համագործակցեն։ ՈՒկրաինական ճգնաժամի առնչությամբ՝ Պուտինը դարձյալ նշել է, թե դեմ է ռուս-ուկրաինական սահմանի փակմանը: «Եթե ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ սահմանները փակվեն, այնտեղ կոտորած կլինի, ինչպես եղել է Սրեբրենիցայում»,- ասել է Պուտինը։ Հյուսիսկորեական հարցի առնչությամբ նա նշել է, թե Ռուսաստանը դատապարտում է Փհենյանի կողմից միջուկային զենքի փորձարկումները և կատարում է այդ խնդրի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները, սակայն համարում է, որ այդ թնջուկն ուժային ճանապարհով լուծելու հայտարարությունները «չափազանց վտանգավոր են»։ Ռուս- ամերիկայն հարաբերությունները, Պուտինի գնահատմամբ, չափազանց լարվել են ամերիկյան կողմի պատճառով: Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահն ընդգծում է, որ Մոսկվան առճակատման չի գնա՝ ձգտելով համագործակցել: Որպես արդյունավետ համագործակցության օրինակ նա նշել է ռուս-ամերիկյան գործակցությունը Սիրիայում: