«Ադրբեջանին ցանկանում են զրկել այնպիսի կարևոր ամբիոնից, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է»,- հայտարարել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Ադրբեջանական Միլի մեջլիսում կոշտ հայտարարություններ են հնչել ԵԽԽՎ վերջին նստաշրջանի կապակցությամբ:
Աշնանային նստաշրջանում ԵԽԽՎ անդամները քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձևերի նախագծերը, որոնցում Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հետաքննել Ադրբեջանի շուրջ կոռուպցիոն սկանդալը և երկրում իրավական բարեփոխումներ սկսել: Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին` հիշատակելով թե կոռուպցիոն սկանդալը և թե քաղբանտարկյալների առկայությունը: Սամեդ Սեիդովի խոսքով՝ Ադրբեջանի հարցը քննարկվել է ոչ միայն նիստում, այլև հանձնաժողովներում և քաղաքական կուսակցություններում: «Որն է պատճառը և ինչ կա դրա հետևում՝ անհայտ է մնում»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը՝ հավելելով, թե Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, օրենքի գերակայությունը դարձնելով գործիք, փորձում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրել:
«Ճնշումը շատ մեծ է և ուղղված է Ադրբեջանի կողմից իրականացվող հաջող քաղաքականությանը»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը: