ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մեկ ամսից կարող է հասնել Փհենյանի հռչակած նպատակին՝ ի վիճակի լինել ԱՄՆ-ին հարվածել միջուկային հրթիռով:
«Այժմ նրանք իրենց հնարավորություններով բավական մոտ են, ինչը ԱՄՆ-ի քաղաքականության տեսանկյունից նշանակում է, որ մենք պետք է մեզ այնպես դրսևորենք, կարծես նրանք արդեն գտնվում են իրենց նպատակի իրականացման շեմին»,- ասել է Փոմփեոն Վաշինգտոնում ազգային անվտանգության հարցերով համաժողովում: ԿՀՎ տնօրենի խոսքով՝ Փհենյանը այժմ շատ ավելի մոտ է միջուկային զենքի գործարկմանը, քանի 5 տարի առաջ, և «ավելի մոտ կլինի 5 ամիս հետո», եթե միջազգային հանրությունը չգտնի հյուսիսկորեական իշխանությունների վրա ճնշման միջոց:
Նույն համաժողովում ելույթ ունենալով՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Ռայմոնդ ՄըքՄասթերն ասել է. «Մենք մասնակցում ենք արշավին, որ այդ խնդիրը լուծենք առանց ռազմական գործողությունների»: