Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը` Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա տեղեկացրեց, որ գործընկերոջը ներկայացրել է միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
«Ցավոք, Ժնևի գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով երեկ զինվոր է զոհվել: Մենք համակարծիք ենք Լեհաստանի ԱԳ նախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
«Լեհաստանում հայկական համայնքը հաստատուն կամուրջ է մեր երկու բարեկամ պետությունների միջև: Անցած դարերի ընթացում Լեհաստանում հայերը հանդիսացել են արժանի քաղաքացիներ՝ որպես տաղանդավոր պետական, ռազմական գործիչներ, գիտնականներ, արվեստաբաններ: Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել նվիրված լեհահայությանը՝ ցուցահանդեսներ, համերգներ գիտաժողովներ»` անդրադառնալով հայ-լեհական կապերին` ասաց Էդվարդ Նալբանդյանը: Այս կապակցությամբ հատուկ ընդունելություն է անցկացրել նաև Լեհաստանի նախագահը: «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության ու ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով մեր երկրներին հաջողվեց կայուն հիմք կառուցել հայ-լեհական հարաբերությունների համապարփակ ու բովանդակալից զարգացման համար՝ թե՜ երկկողմ, թե՜ բազմակողմ մակարդակներում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նախարարն ասաց, որ հայերի դերակատարությունը կարևորվում է լեհական պատմության մեջ:
«Սենատում բացվել է «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը: Այս ամենն առավել քան խորհրդանշում է հայ-լեհական դարավոր բարեկամությունը: 2005-ին Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև, իսկ 2015-ին համահեղինակել է ՀՀ կողմից ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևը»,- շեշտեց Նալբանդյանը: Նախարարն ասաց, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ տնտեսական ոլորտում: