Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին: Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավիճակի բարելավման հետևողական քաղաքականությունը 3 հիմնական ուղղությամբ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, նորմատիվ-օրենսդրական դաշտի արդիականացում ու կատարելագործում և Հակակոռուպցիոն խորհրդի ակտիվ աշխատանք:
Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ-ի օժանդակությունը ՀՀ կառավարության քայլերին, որը կարող է դրսևորվել և Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը, և մյուս ուղղություններով իրականացվող բարեփոխումներին աջակցության տեսքով: ԱՄՆ-ի դեսպանը ողջունել է ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարին և գործարարությամբ զբաղվելու միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, որոնք նպաստել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Նա նշել է, որ վերջին 8-10 ամսում Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ է ստացել հատկապես մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ: Ռիչարդ Միլսը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն պայքարի գործում, և այժմ քննարկվում է այդ նպատակով հատկացվող միջոցների վերաուղղորդման և օժանդակության առավել արդյունավետ ուղին գտնելու հարցը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2 տարի առաջ մեկնարկած «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի ընթացքին, որ մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ-ի ՄԶԳ և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացված և նախատեսվող միջոցառումները: