Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԼՂ հիմնահարցի քննարկում Բրյուսելում

ԼՂ հիմնահարցի քննարկում Բրյուսելում
21.10.2017 | 10:12

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում, որի ընթացքում ելույթ են ունեցել ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը և Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Քննարկումը համակարգել է «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն։ Նա նշել է, որ սա շատ բացառիկ հնարավորություն է Բրյուսելում խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂՀ ներքին և արտաքին խնդիրների մասին ԼՂՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ։ ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ժողովրդավարացման գործընթացների համալիր պատկերը՝ շեշտելով, որ ԼՂՀ-ն բաց է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համար, կոչ արել ԵՄ-ին՝ դիտարկելու հետագա ակտիվ ներգրավվածությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության ուժեղացումը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունը և հումանիտար բնույթի այլ ոլորտներում։


«ԵՄ-ի համագործակցությունը Արցախի հետ պետք է կայունացնող դեր խաղա և դառնա կարևոր գործոն Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման համար, ավելին՝ ԵՄ-ն պետք է ազդարարի, որ անթույլատրելի է կիրառել առճակատումը և շրջափակումը որպես հակամարտությունների լուծման միջոց։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսումը չի կարող կասեցվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության չլուծվածության հետևանքով, ավելին՝ Ղարաբաղի չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ դառնա Արցախի և ԵՄ-ի համագործակցության համար»,- ասել է Մասիս Մայիլյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ընդգծել է, որ մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում համարվում են պետականության հիմնարար մաս, և շարունակաբար ջանքեր են գործադրվում այդ ոլորտը զարգացնելու, մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Դրա վառ ապացույցն է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որ առաջիկայում նախատեսվում է մշակել և ընդունել Մարդու իրավունքների ռազմավարություն և Գործողությունների ծրագիր։
Ռուբեն Մելիքյանը մասնակիցներին ներկայացրել է արդեն հրապարակված զեկույցը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ, նոր պատրաստվող զեկույցը Ադրբեջանում հայատյացության մասին։ Նա իր եզրափակիչ խոսքում շեշտել է, որ «քսենոֆոբիան մշտապես անընդունելի է»։


Մասնակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մարդու իրավունքներին առնչվող տարբեր հիմնախնդիրների` ներկա բանակցային գործընթացը, խաղաղաշինական ծրագրերը, հակամարտության կարգավորման հեռանկարները։ Քննարկման ընթացքում խոսվել է նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների, վերջինիս դերակատարության, ինչպես նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի և Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված ակնկալիքների մասին։ Եզրափակելով քննարկումը՝ Դիոգո Պինտոն նշել է. «Սա հաջողված միջոցառում էր, և ես ուրախ եմ տեսնել այսքան մարդկանց հետաքրքրվածությունը քննարկվող թեմայով։ Արցախը գոյություն ունի անկախ հակամարտությունից, և այն իրոք կարիք ունի առավել լավ ճանաչվելու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կոտրել Ադրբեջանի ստեղծած շրջափակումը։


Հակամարտությունը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների՝ բանակցային գործընթացում ուղիղ ներգրավվածության շնորհիվ, և ԵՄ-ն կարևոր դեր կարող է խաղալ՝ ընդլայնելով ու ակտիվացնելով շփումներն այդ տարածքի և այնտեղ բնակվող մարդկանց հետ»։

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ