Ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր են ընդգրկված հոկտեմբերի 25-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին նախատեսվում է ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը։
Նրանք քննարկելու են նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019-ին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։ Նիստի մասնակիցները կանդրադառնան ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման հարցերին։ Օրակարգային թեմաներից է նաև 2018-2020-ին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագրի քննարկումը։ Կհայտարարվեն ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 2018-2020-ին նախատեսվում է անցկացնել ավանդական «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։
Ղրղզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ Կորոշվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը։