Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան նախազգուշացրել է, որ Կատալոնիայի անկախության հռչակումը կարող է հանգեցնել շրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնի ազատազրկմանը` հայտնում է Antena 3 հեռուստաալիքը:
Գլխավոր դատախազը նշել է, որ դեռևս չի ցանկանում հարցը այդպես դնել, սակայն նման «տրանսցենդենտալ քայլը, ինչպիսին է անկախության միակողմանի հռչակումը», կարող է Պուչդեմոնի համար ավարտվել ազատազրկմամբ: Մասան նշել է, որ «երբ տեղի ունենա հռչակումը», կձեռնարկեն համապատասխան քայլեր:
Europa Press գործակալությունը հաղորդել է, որ դատախազությունը հայց է պատրաստել Պուչդեմոնի դեմ, եթե նա որոշի հայտարարել Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու մասին: Շրջանային ղեկավարին կարող են մեղադրել ապստամբության համար: Իսպանական օրենսդրության համաձայն՝ այդ հանցագործության համար ինքնավարության ղեկավարին կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում: Ավելի վաղ Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը կզրկվի իր իշխանությունից՝ շրջանի նկատմամբ Իսպանիայի կառավարության իշխանության վերականգնումից հետո: Եթե Կատալոնիան անկախություն հռչակի հոկտեմբերի 23-ին, առաջ կանցնի Իսպանիայի Սենատից, որը հոկտեմբերի 27-ին պետք է քննարկի Կատալոնիայի ինքնավարությունը կասեցնելու հարցը: