«Ես հավատում եմ, որ ժամանակին կստորագրվի Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը, ես լավատես եմ»` ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, և շատ շնորհակալ եմ իմ բրյուսելյան գործընկերներին և անդամ երկրների պետությունների ներկայացուցիչներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գործի դնեն բոլոր ընթացակարգերը և ապահովեն ժամանակին համաձայնագրի ստորագրումը։ Ես հավատում եմ, որ դա կիրականացվի, ես լավատես եմ»,- ասաց դեսպանը։
Հարցին, որ ներքին ընթացակարգերի, օրինակ, թարգմանության հետ կապված խնդիրների պատճառով, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը հնարավոր է նոյեմբերին չստորագրվի, Սվիտալսկին արձագանքեց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ բոլոր քայլերը և միջոցները ձեռնարկվում են ԵՄ կողմից, որ այդ համաձայնագիրը ստորագրվի։ ԵՄ կազմը ներդնում է նպատակասլաց ջանքեր, նաև անդամ երկրները, որ համաձայնագիրը կյանքի կոչվի և իրականացվի։ Մենք վճռական ենք այդ հնարավորությունը ընձեռելու և գործի դնելու բոլոր ջանքերը, որ պայմանագիրը ժամանակին ստորագրվի»։