ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը այցելում է Ֆիլիպիններ, որտեղ հանդիպելու է նախագահ Ռոդրիգո Դուտարտեի հետ: Ֆիլիպինների նախագահը հայտնի է կոշտ հակաամերիկյան հռետորաբանությամբ և չի թաքցնում ԱՄՆ-ի մրցակիցներ Ռուսաստանի ու Չինաստանի հետ կապերը սերտացնելու իր պլանները: Դուտարտեն ծրագրում է հանդիպել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որ Մանիլայում մասնակցում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների հավաքին:
Մանիլայում նախատեսված է նաև Մաթիսի և Շոյգուի հանդիպումը:
Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպան Սուն Քիմը հայտարարել է, թե չարժե անհանգստանալ Դուտարտեի՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ «սիրախաղերով», քանի որ, դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ը Ֆիլիպինների միակ դաշնակիցն է, որի հետ անվտանգության պայմանագիր ունի: Դեսպանը նշել է նաև, որ վտանգ չի տեսնում Չինաստանի և Ռուսաստանի կողմից Ֆիլիպիններին ռազմական տեխնիկա տրամադրելու մեջ: