2017-ի առաջին 8 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23,5 տոկոսով` հոկտեմբերի 24-ին՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրա խոսքով՝ առջևում են տնտեսական աճի նոր հնարավորություններ։ Հայաստանցի և ռուսաստանցի պաշտոնական անձանց հանդիպումները հաստատում են փոխգործակցության հսկայական չօգտագործած ներուժը։ Մշակվում են նոր, հեռանկարային առաջարկներ։ «Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար։ Ստորագրման համար պատրաստվել են որոշ փաստաթղթեր, և մենք կարծում ենք, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները ոչ միայն պահպանելու, այլև զարգացման միտումներն արագացնելու համար»,- ասել է Կարեն Կարապետյանը։
Դմիտրի Մեդվեդևը որոշեց շտկել. «Իմ թվերն ավելի լավն են։ Հունվար-օգոստոս ժամանակահատվածում մեր երկրների ապրանքաշրջանառությունը աճել է 30 տոկոսով։ Այնպես որ առաջարկում եմ օգտագործել այդ թիվը»,- ասել է նա։ Հայկական արտադրանքի արտահանման աճը վերաբերում է և գյուղատնտեսությանը, և մյուս ուղղություններին։ Մեդվեդևը նշեց, որ այդ դինամիկան ցույց է տալիս, որ տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարվել է։ Մնում է հուսալ, որ ներդրումային համագործակցությունը հետ չի մնա առևտրայինից։ «Ամենակարևորը, որ վերջին շրջանում Հայաստանը և Ռուսաստանը կարողացել են ոչ միայն երկկողմ, այլև ԵԱՏՄ մակարդակով համագործակցության մոդել ստեղծել»,- ամփոփեց ՌԴ վարչապետը։