Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Միջերկրածովյան համաժողովի ժամանակ Հայաստանին մեղադրել է «օկուպացված տարածքներում սիրիացի փախստականներ բնակեցնելու» մեջ: Նա հայտարարել է, թե Հայաստանն «օգտագործում է մարդկային տառապանքը ապօրինի նպատակներ իրագործելու համար»: «Այդ քաղաքականությունը նպատակ ունի՝ փոխել օկուպացված տարածքների տնտեսական, մշակութային և ժողովրդագրական պատկերը»,- հավելել է նա: Պաշտոնական տվյալներով՝ արդեն վեց տարի պատերազմի մեջ գտնվող Սիրիայից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 22000 սիրիահայ, նրանցից միայն մի քանի տասնյակն են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Տարբեր գնահատականներով՝ խոսքը քառասուն սիրիահայ ընտանիքների մասին է, որ բնակություն են հաստատել Ղարաբաղի տարբեր շրջաններում:
«Բաքուն էժանագին շահարկումներ անելով՝ նպատակ ունի բոլորի ուշադրությունը շեղել Ադրբեջանի համաշխարհային ստորացումից՝ կապված «Ադրբեջանական լվացքատան» գործով կաշառակերության, ագրեսիվ քրեական դիրքորոշման, հումանիտար իրավունքի զանգվածային խախտման հետ»,- արձագանքելով Մամեդյարովի ելույթին, թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: