ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ղրղզստանի վարչապետ Սաֆար Իսակովին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է նրան` պաշտոնի ստանձնման կապակցությամբ, հետագա հաջողություններ մաղթել և վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացման համար: Վարչապետը նկատել է, որ թեև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն, դրական դինամիկա և զարգացնելու ներուժ կա: «Այդ դրական դինամիկան պետք է խթանել, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի գործունեության միջոցով: Անկասկած, թե Հայաստանում, թե Ղրղզստանում կան հեռանկարային նախագծեր, որոնք հնարավոր է իրականացնել համատեղ և երկուստեք փոխշահավետ կարող են լինել»,- ասել է վարչապետը:
Ղրղզստանի վարչապետ Սաֆար Իսակովը փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նկատելով, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին։ «Մեր կողմից մենք լիովին պատրաստ ենք աջակցել երկկողմ տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը»,- ավելացրել է Ղրղզստանի վարչապետը։