Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 9 պատգամավոր: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեմ են քվեարկելու. «Մենք դեմ ենք քվեարկելու օրենքին, որովհետև խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է գլխավոր շտաբի ձևավորման և ընդհանրապես գործունեության հիմքում: Բավարար չենք համարում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը»: Օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվել է հոկտեմբերի 24-ին: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասնել է օրինագծի դրույթները՝ նշելով, որ օրինագծով զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խաղաղ պայմաններում ենթարկվում է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ գերագույն գլխավոր հրամանատարին:
Օրինագծով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորությունները, ըստ որոնց՝ պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ: