Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարևոր է, որ առանձին հաստիք է պահանջում` «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի հրապարակած պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը: Նամակում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ առաջարկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի հաստիքը լուծարել, իսկ պարտականությունները՝ փոխանցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականին: «Պատմությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է մեկը, որ կարող է ամբողջ ուշադրությունը նվիրել խնդրին, լիովին կենտրոնանալ այս հարցերի վրա»,- նշում է Քավանոն: Դեսպան Քավանոյի խոսքով, նամակն իր համար անակնկալ էր. «Ինձ դա անհանգստացնում է, քանի որ կարծում եմ, ԱՄՆ-ի համար կարևոր է պահպանել եռանախագահությունում ներկայությունը։ Դա այն հավասարությունն է, որին կողմերն արդեն սովորել են»:
Պետքարտուղարի նամակում նշված նախաձեռնությունները կարող են հերքվել օրենսդիրների կողմից, ավելացնում է դեսպանը. «Մենք տեսանք, ինչպես բյուջեին վերաբերող առաջարկները ոչնչացվեցին Կապիտոլիումում»: Մինսկի խմբում ԱՄՆ-ի մյուս համանախագահ, դեսպան Ջեյմս ՈՒոռլիքը նույնպես չի շտապում մեկնաբանել Բոբ Քորքերի հրապարակած նամակը, ընդգծելով, որ իր կարծիքով, կարևոր է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի ղեկավար անձինք տեղեկացված և ներգրավված լինեին ղարաբաղյան կարգավորման մեջ. «Հավատացած եմ, որ ներկա վարչակազմի համար կարևոր է ներգրավված լինել և այդ ներգրավման սկզբնակետը, «սրի ծայրը» Էնդրյու Շեֆերն է: Ես գիտեմ, որ նա ներկա էր Ժնևի գագաթնաժողովին։ Ակնկալում եմ, որ նա լիարժեք ներգրավված կլինի բոլոր գործընթացներում»:
Անդրադառնալով Ժնևում տեղի ունեցած հայ-ադրբեջանական գագաթնաժողովին՝ դեսպան ՈՒոռլիքը նշեց նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև դեմ առ դեմ զրույցների կարևորությունը. «Կարող եմ սեփական փորձից ասել, որ նրանց միջև տեղի են ունենում անկեղծ զրույցներ, որը շատ կարևոր է առաջընթաց արձանագրելու համար»: Նախագահների երկկողմ հանդիպումների կարևորությունն ընդգծում է նաև դեսպան Քավանոն, որ հատկապես գնահատում է ոչ պաշտոնական բանակցությունների դերը. «Նախագահների միջև ոչ պաշտոնական հարաբերությունները կարգավորման բանալիներից մեկն է: Մենք հիշում ենք, որ Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը հաստատել էին նման հարաբերություններ: Նրանք ընկերներ չեն եղել, սակայն, հասկանում էին միմյանց և կարողանում էին սերտորեն աշխատել միասին»: Հենց անձնական հարաբերությունները ղեկավարների միջև, ըստ միջնորդների, կարող են կարևոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման հարցում: Մյուս բաղադրամասն է՝ ձեռք բերված համաձայնությունների իրականացման հարցում քաղաքական կամքի առկայությունը: